Արմինֆո. Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը խիստ քննադատության է ենթարկել Բոլուի քաղաքապետ Թանժու Օզջանին՝ հայերի հասցեին ատելության խոսքի համար:
Պոլսո հայոց պատրիարքի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այս տարածքներում դարեր շարունակ ապրած հայկական համայնքը այս երկրի արմատական և անքակտելի մասն է։ Սույն հնամենի ժողովուրդը պատմության ընթացքում մշակութային, տնտեսական և հասարակական կարևոր ներդրումներ է ունեցել այս հողերում, և այսօր էլ նույն վճռականությամբ շարունակում է իր գոյությունը։
Վերջին տարիներին հանրության շրջանում լայնորեն քննարկվող Բոլուի քաղաքապետ Թանժու Օզջանի՝ ատելությամբ լի արտահայտությունները, որոնք թիրախավորում են հայկական ինքնությունը, բացահայտ կերպով թիրախ են դարձնում նաև մեր համատեղ անցյալը և միասին ապրելու կամքը։ Նմանատիպ արտահայտությունները ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր չեն նպաստել եղբայրությանը, միասնությանը և հասարակական համերաշխությանը և այսուհետև ևս չեն նպաստելու։
Երբե՛ք չի կարելի անտեսել ատելության խոսքի օրինականացումը, հասարակական հանդարտությունը սպառնալիքի տակ վերցնող հայտարարությունները։
Այդ կապակցությամբ, իրավասու անձանց և հասարակայնությանը կոչ եմ անում ավելի պատասխանատու հայտարարություններով հանդես գալ։ Խստորեն դատապարտում ենք հայկական համայնքը կամ որևէ այլ ազգի ու ժողովրդի թիրախավորող ամեն տեսակի խտրական և արհամարհական խոսքեր։
Համայնքների համատեղ գոյատևելու հիմքը հավասարությունն է, հարգանքը և համընդհանուր արժեքները։ Այդ սկզբունքներին վնաս հասցնող յուրաքանչյուր մոտեցում վիրավորում է ոչ միայն փոքրամասնություններին, այլև՝ համայն հանրությանը»։