Արմինֆո. Ամերիկյան փոփ-երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը մեծ համերգով հանդես կգա Հայաստանում: Այդ մասին ասվում է երգչուհու Instagram-ի պաշտոնական էջում։
Աղբյուրի համաձայն, Ջեյ Լոյի "Up All Night" համաշխարհային շրջագայության շրջանակում օգոստոսի 3-ին կկայանա համերգ Երևանի Վ.Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
«Իմ բոլոր օտարերկրյա երկրպագուներին տեղեկացնում եմ, որ այս ամառ մի քանի համերգ եմ ունենալու։ Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ բոլորիդ տեսնելու: Չափազանց շատ ժամանակ է անցել: Հիանալի ամառ է լինելու", - գրել է երգչուհին իր Instagram-ում՝ առաջիկա շրջագայության կապակցությամբ:
Նշենք, որ Ջենիֆեր Լոպեսը ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոդելավորող, պարուհի և պրոդյուսեր է ։ Ծնվել և մեծացել է Նյու Յորքի աղքատ թաղամասում՝ Բրոնքսում, պուերտոռիկացի ընտանիքում։ Ջենիֆեր Լոպեսն իր ստեղծագործական կարիերան սկսել է որպես կինոյում պարուհի, սակայն համաշխարհային ճանաչում ու համբավ են բերել նրա վոկալային տվյալները։ Աղջիկը երազում էր ապացուցել, որ տաղանդավոր է ամեն ինչում, ներառյալ երաժշտությունը, և դա նրան ավելի քան հաջողվել է: Այսօր նա ունի ստուդիական ալբոմներ, տասնյակ կինոնկարներ, "Ոսկե գլոբուս" մրցանակ և բազմաթիվ ձեռքբերումներ բիզնեսի ոլորտում:
Երաժշտական ասպարեզում Լոպեսը իր դեբյուտը կատարել է 1999 թվականին On the 6 ալբոմով, որին նախորդել է If You Had My Love սինգլը, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը վեց երկրներում ։ Ջեյ Լոն 2000-ականների գլխավոր փոփ կատարողներից է, իսկ 2012-ին Forbes ամսագիրը նրան անվանել է աշխարհի ամենահեղինակավոր հայտնիներից մեկը։ Բացի այդ, Լոպեսը զբաղվում է ձեռնարկատիրությամբ. նա ունի JLo by Jennifer Lopez հագուստի սեփական գիծը, Փասադենայում կուբայական ռեստորան եւ պարֆյումերային բիզնես (Glow by J. Lo հարդարաջուրը, որն աստղը թողարկել է 2002 թվին, վաճառքի ռեկորդ է սահմանել):