Արմինֆո. Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ռուսաստանում հավատարմագրված Եվրասիայի մի շարք պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, իր բացման խոսքում նախարարը սկզբունքային գնահատականներ է տվել Եվրասիայի տարբեր հատվածներում անվտանգության ոլորտում տիրող իրավիճակին: Արձանագրել է եվրատլանտյան անվտանգության հայեցակարգի ճգնաժամը, ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ի պետությունների վտանգավոր գործողությունների վրա, որոնք ուղղված են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, Մերձավոր Արևելքում պայթյունավտանգ իրադրությանը, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունության համար ռիսկերին:
Նշվում է, որ տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման նախաձեռնության իրականացմանը՝ մայրցամաքի բոլոր պետությունների և նրանց միավորումների մասնակցությամբ:
Քննարկման ընթացքում ընդգծվել է եվրասիական տարածքում կայունության ապահովման, գործնականում անվտանգության անբաժանելիության սկզբունքի կիրառման և եվրասիական խնդիրների լուծման համար Եվրասիական պետությունների առաջնահերթ պատասխանատվության ապահովման անհրաժեշտությունը: Նշվել է Մինսկում ամեն տարի կազմակերպվող միջազգային համաժողովի նշանակությունը եվրասիական անվտանգության վերաբերյալ լուրջ քննարկման անցկացման համար։
Լավրովն ուշադրություն է հրավիրել "21-րդ դարում բազմազանության և բազմաբևեռության Եվրասիական խարտիայի" նախապատրաստման՝ ծրագրային փաստաթղթի վրա, որը նախաձեռնել է Բելառուսը: Ռուսաստանի աջակցությունը վայելող նախաձեռնությում կարող էին շարադրված լինել մայրցամաքային անվտանգության ճարտարապետության շրջանակային պարամետրերը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի այլ հարցերի, այդ թվում ՝ ռուս-ամերիկյան երկխոսության և ուկրաինական ճգնաժամի կարգավորման խնդիրներին:
Հանդիպման մասնակից դեսպանների թվում է եղել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը: