Արմինֆո. Անձնագրերի եւ նույնականացման քարտերի պատրաստման մրցույթում հաղթողը պետք է գրանցվի պետական գրանցամատյանում, որից հետո նրա հետ կստորագրվի համապատասխան պայմանագիր: Այդ մասին ապրիլի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ ներքին գործերի նախարարության վիզաների և անձնագրերի վարչության պետ Նելլի Դավթյանը։
Նա նշել է, որ մրցույթում հաղթող է ճանաչվել ֆրանսիական ընկերությունների IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.a.r.l կոնսորցիումը: Վարչության պետը նշել է, որ մարտի 31-ին մրցութային հանձնաժողովի նիստում քննարկվել են երկու կոնսորցիումներների ֆինանսական առաջարկները, որոնցից լավագույնը ֆրանսիական կողմի առաջարկն է, որը հավաքել է 94,97 միավոր։ Գերմանական AUGENTIC GmbH եւ Imprensa Nacional - Casa da Moeda, S.A. ընկերությունների կոնսորցիումը ստացել է 79,24 միավոր։ Այսպիսով, կենսաչափական անձնագրերի պատրաստմամբ և անձնագրային ենթակառուցվածքի ստեղծմամբ կզբաղվի ֆրանսիական ընկերությունների կոնսորցիումը։ Սպասվում է, որ նրա հետ պայմանագիրը կստորագրվի մի քանի ամսից, իսկ արդեն 2026 թվականի կեսերից Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգը պետք է աշխատի ողջ ծավալով։
Պայմանագրի հիմքում դրվելու է բոլորովին նոր հայեցակարգ, որի համաձայն, նախատեսվում է ստեղծել նոր անձնագրային ենթակառուցվածք, որը կներառի շենքերի և շինությունների, սերվերային տնտեսության, տպագրական սարքավորումների, ծրագրային լուծումների պատրաստում: Մասնավորապես, նախատեսվում է ստեղծել 23 գրասենյակ Երեւանում եւ մարզերում, որոնցում կընդունվեն անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացիների դիմումները: Գրասենյակներ կարող են դիմել նաև քաղաքացիություն չունեցող անձինք՝ համապատասխան փաստաթղթեր ստանալու համար։
Դավթյանը հիշեցրել է, որ նոր անձնագրային համակարգի ներդրումը համապատասխանում է Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի պայմաններին: Նա նշել է, որ բանակցությունները պաշտոնապես մեկնարկել են անցած տարվա դեկտեմբերին։ 2025 թվականի հունիսին նախատեսվում է, որ այս հարցով ԵՄ-ը Հայաստանին կներկայացնի համապատասխան գործողությունների ծրագիր, որով հանրապետությունը պետք է գործի՝ տարեկան հաշվետվություններ ներկայացնելով կատարված աշխատանքների մասին։ Ողջ գործընթացը, ինչպես նշել է վարչության պետը, կարող է տևել 4-7 տարի։ Ընդ որում, աշխատանքների ավարտի որոշակի ժամկետներ չկան, ամեն ինչ կախված կլինի կատարված աշխատանքների ծավալից։
Դավթյանը նշել է, որ ԵՄ-ում դրական են գնահատում Հայաստանի արձանագրած առաջընթացը, ավելի քան 20 եվրոպացի փորձագետներ ուսումնասիրել են երկրում տիրող իրավիճակը եւ առաջիկայում կոնկրետ գնահատականներով հաշվետվություններ կներկայացնեն: ԵՄ-ում, մասնավորապես, ուշադրություն են դարձնում միգրացիոն գործընթացների կառավարմանը, անձնական տվյալների պաշտպանությանը, մարդու իրավունքների ապահովմանը և իրավապահ համակարգի արդյունավետությանը: