ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է, միջազգային հանրությանը հղված ուղերձ է առ այն, որ Երևանը մտադիր է ճանաչել կամ Հայաստանին միացնել Արցախը: Սեպտեմբերի 29-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի միջազգային անվտանգության ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:
Նա նշել է, որ ավելի վաղ ԼՂՀ ճանաչման վերաբերյալ ընդդիմության բոլոր առաջարկությունները տապալվել են, քանի որ իշխանությունը դա համարում է արմատական քայլ, որը վերջ կդնի բանակցային գործընթացին: «Հետևաբար, այդ ֆոնին նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ միջազգային հանրությանը հղված ուղերձ` լկտիացած Բաքվին սանձելու պահանջով», - նշել է փորձագետը: Նրա կարծիքով, Ադրբեջանը հակամարտության գոտում լարվածության աճն օգտագործում է բանակցային գործընթացում զիջումներ ստանալու համար: «Սակայն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Իլհամ Ալիևի բացակայությունը վկայում է այն մասին, որ Բաքուն ձախողել է իր նպատակը, և նախագահը խուսափում է Հայաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպումից», - նշել է քաղաքագետը:
Սաֆարյանը նաև տարօրինակ է համարել միջազգային հանրության լռությունը Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից հետո, որ այլընտրանքի բացակայության դեպքում հենց Հայաստանը կլինի պատժիչ «սուր» Ադրբեջանի համար: «Դա վկայում է, որ բոլոր ահազանգերն ընդունվել են, և միջազգային հանրությունը համաձայն է Երևանի դիրքորոշմանը», - նշել է փորձագետը: Այս համատեքստում քաղաքագետը նշել է, որ տվյալ պահին մարտական գործողությունների վերսկսման սպառնալիք չկա, քանի որ հենց Ադրբեջանը պատրաստ չէ դրան: «Բաքուն չունի ոչ ռազմական ռեսուրս, ոչ համաշխարհային տերությունների աջակցությունը», - նշել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին հակառակորդի գնդակոծության հետևանքով Հայաստանի Տավուշի մարզում խաղաղ բնակիչներ զոհվեցին, իսկ սեպտեմբերի 25-ին ԼՂՀ ԶՈՒ թիկունքային դիրքերի գնդակոծության հետևանքով զոհվեց ԼՂՀ ԶՈՒ 4 զինծառայող, 16-ը տարբեր աստիճանի վիրավորում ստացան: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ընդգծեց, որ հայկական զինված ուժերն այսուհետև համարժեք միջոցներ կձեռնարկեն` մշտական հարվածների տակ պահելով Ադրբեջանի զինված ուժերի տեղակայման վայրերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես տարածեցին հայտարարություն, որում Բաքվին կոչ արեցին բանակցություններ սկսել միջադեպերի քննության մեխանիզմների ստեղծման նպատակով: