Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել են երկրի կանանց՝ ապրիլի 7-ին Հայաստանում նշվող Ավետման եւ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ:
«Սիրելի՛ կանայք,Սիրելի մայրեր, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման ու Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս օրը խորը խորհուրդ ունի՝ այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի կերպարում մեր ժողովուրդը դարեր շարունակ տեսել է մայրական նվիրվածության, խոնարհության և ուժի խորհրդանիշը։
Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ։
Ձեր սերը, հոգատարությունը, ձեր զորությունը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակական կյանքում մեր պետության ամրության և ներդաշնակության հիմքերից են։
Մեր ինքնության կերտվածքում նույնպես մայրական կերպարն առանձնահատուկ տեղ ունի։ Մենք Մայր ենք անվանում մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր քաղաքը՝ որովհետև հենց մայրն է բերում կյանք, արմատ, շարունակություն։
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,Թող այս տոնը ձեզ պարգևի խաղաղություն, ջերմություն և սեր։
Սրտանց մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և անսպառ ուժ՝ պահելու ու սիրելու ձեր ընտանիքները, և հավատով նայելու ապագային», - ասվում է Վահագն Խաչատուրյանի ուղերձում, որը տարածել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Օրհնյալ լինի Ավետման այս լուսավոր օրը: Շնորհավորում եմ, սիրելի մայրեր>, - գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ սոցիալական ցանցերի իր էջերում զետեղելով Մարիամ Աստվածածնի պատկերը: