Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ 2025 թվականի ապրիլի 7-9-ը Աբու Դաբիում տեղի կունենա 14-րդ ամենամյա ներդրումային համաժողովը (Annual Investment Meeting AIM)՝ "Գլոբալ ներդրումների ապագան. ներդրումային լանդշաֆտի տրանսֆորմացիոն միտումները դեպի հավասարակշռված համաշխարհային կառուցվածք" թեմայով։ Միջոցառումն իրականացվում է Արաբական Միացյալ Էմիրությունների արդյունաբերության և նորարարական տեխնոլոգիաների նախարարության և Աբու Դաբիի տնտեսական զարգացման դեպարտամենտի աջակցությամբ:
2024 թվականին համաժողովը ներգրավել է ավելի քան 12 հազար մասնակիցների, գործարար ծրագրի շրջանակում ելույթ է ունեցել 927 զեկուցող՝ 179 երկրներից ։