

Երևանը պետք է գիտակցի, որ ՀԱՊԿ-ը ոչ թե Հայաստանի համար է, այլ` Միջին Ասիայի: Ինչի մասին, ըստ էության, խոսում էր նախագահ Պուտինը Դուշանբեում, միաժամանակ միջինասիական հանրապետությունների առաջնորդներին վախեցնելով «Իսլամական պետությամբ» և համոզելով, որ նրանք պետք է ապավինեն Ռուսաստանին, կարծում է ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:
«Եվ Հայաստանը, բնականաբար, ներառված չէ այն հարցերի շրջանակում, որոնց համար այսօր օգտագործվում է ՀԱՊԿ-ը: Դա արդիական է, հաշվի առնելով, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը խաղաղապահներ տեղակայելու ցանկություն չունեն: Անշուշտ, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ինչը Երևանին անվտանգության երաշխիքներ է տալիս, որոնք գործնականում ոչ մի անգամ չեն փորձարկվել: Տեսականորեն ղարաբաղյան նոր պատերազմն անխուսափելի է, սակայն հայտնի չէ, թե այն երբ տեղի կունենա, թեև հենց վերջին օրերին սրված լարվածությունը կարող է դրան հանգեցնել», - նշել է նա:
«Ազատություն» ռադիոկայանին Ֆելգենհաուերի տված գնահատականների համաձայն, այսօրվա դրությամբ Ադրբեջանը Ռուսաստանի համար ավելի կարևոր գործընկեր է, քան` Հայաստանը, հաշվի առնելով, որ Բաքվից Ռուսաստանը նյութական շահ ունի, առաջին հերթին` զենքի վաճառքից ստացվող միլիարդները և էներգապաշրներին առնչվող քաղաքականությունը: Այս լույսի ներքո փորձագետը համոզված է, որ տարածաշրջանում լայնածավալ մարտական գործողություններ սկսվելու դեպքում կողմերից ոչ մեկին չի հաջողվի միանշանակ հաջողության հասնել` հաշվի առնելով հայկական և ադրբեջանական զինված ուժերի հավասար ներուժը: «Այլ խոսքով` առանց արտաքին միջամտության այդ պատերազմը կարող է շարունակվել բավականին երկար` առանց լուրջ հաջողությունների, ինչը հակամարտող կողմերը հիանալի գիտակցում են», - ամփոփել է ռուսաստանցի փորձագետը:


