Արմինֆո. Ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, հավելելով, որ մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ։
Օդերևութաբանների տվյալներով ՝ առաջիկա մի քանի օրերին Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ։ Ապրիլի 3-7-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է ՝ ամպրոպ: Քամին ՝ հարավ-արևմտյան ՝ 2-5 մ/վ, ապրիլի 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 16-20 մ/վ:
Երևանում ապրիլի 3-ի ցերեկը, 5-ի երեկոյան և 5-ի՝ լույս 6-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև: Ընդ որում, ապրիլի 5-ի՝ լույս 6-ի գիշերն անձրևները կուղեկցվեն ամպրոպներով: Միայն ապրիլի 4-ին, ինչպես նաև ապրիլի 6-ի և 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ապրիլի 3-ի ցերեկը կկազմի 20-22, երեկոյան՝ 11-13, ապրիլի 3-ի՝ լույս 4-ի գիշերը՝ 7-9 աստիճան զրոյից բարձր: