Արմինֆո. Հայաստանն իրենից կախված ամեն ինչ անում է խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Այդ մասին ապրիլի 2-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նրա խոսքով՝ կառուցողական քայլեր են ձեռնարկվում, որոնք նպաստում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին, ինչի վկայությունն է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ համաձայնության ձեռք բերումը եւ փաստաթղթի ստորագրման վայրի եւ ժամկետների շուրջ բանակցություններ սկսելու Երեւանի առաջարկը: "Անհրաժեշտ է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ, առավել ևս, որ գործընթացը միակողմանի չէ։ Չնայած առկա խնդիրներին՝ որոշ հարցերի շուրջ մենք կարողացանք համաձայնության գալ ՝ պայմանագրի տեքստի ամբողջական համաձայնեցում, սահմանների սահմանազատման աշխատանքների իրականացում և այլն", - ասել է խորհրդարանականը։
Խանդանյանը կրկին հիշեցրել է սահմանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովների պատգամավորների հանդիպումից ադրբեջանական կողմի հրաժարվելու մասին, որի անցկացման նախաձեռնությամբ հանդես էր եկել Խանդանյանը: "Բաքվում ինձ պոպուլիստ են անվանել, բայց անձամբ ինձ համար դա խնդիր չէ, քանի որ նախաձեռնությունն ուղղված է խաղաղության հասնելուն։ Պաշտոնական պատասխան չեմ ստացել, բայց տեսել եմ հրապարակային ելույթներ եւ հայտարարություններ Ադրբեջանում", - ընդգծել է պատգամավորը։
Պատասխանելով Իլհամ Ալիևի այն հայտարարության մասին հարցին, թե՝ Ադրբեջանը Հայաստանի առջև որևէ նախապայման չի դնում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ՀՀ սահմանադրության փոփոխության հետ կապված հարցերի մասին խոսվում է վերջին 2,5 տարում, Խանդանյանը նշել է, որ, ըստ էության, տվյալ դեպքում խոսքը հենց նախապայմանների մասին է: Այս հարցերի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը շատ հստակ է. ՀՀ սահմանադրության հետ կապված հարցը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում:
Սարգիս Խանդանյանը նաև անտրամաբանական է համարել, եթե խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո օրակարգում մնա հայ ռազմագերիների հարցը: Այս խնդրին անդրադառնում են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և պետություններ։ "Հենց նոր իմացա, որ մի խումբ բրիտանացի խորհրդարանականներ պահանջել են իրենց երկրի կառավարությունից հրատապ գործողություններ ձեռնարկել մեր հայրենակիցներին ազատ արձակելու ուղղությամբ", - ընդգծել է ՀՀ ԱԺ պատգամավորը:
Նա հավելել է, որ ուզում են Հայաստանում, թե՝ ոչ, բայց պետք է նկատի ունենալ Ադրբեջանի նման հարևան ունենալը: Հայաստանն, իր հերթին, ոչ մի կերպ չի կարող փոխել իր աշխարհագրական դիրքը։ "Որպեսզի մեր երկիրը հավերժ ներկա լինի տարածաշրջանում, պետք է կարողանալ փոխզիջումների գնալ՝ ձևավորելով համակեցության բանաձև", - ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը: