Արմինֆո. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին, ով Հայաստանում մարզային այցերն սկսել է Սյունիքից։
Մարզպետը շնորհավորել է տիկին դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական ծառայությունը ստանձնելու կապակցությամբ և ողջունել նրա առաջին այցը Սյունիք։
Սյունիքի մարզպետի աշխատակաազմի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Ռոբերտ Ղուկասյանը Մարիկե Մոնրոյ-Վինթերին ընդհանուր տեղեկություններ է փոխանցել մարզի մասին՝ ներկայացնելով Սյունիքի տնտեսության հիմնական ուղղությունները։ Մարզպետը նաև շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների ներդրումներով մարզում իրականացվող ծրագրերի համար՝ կարևորելով հատկապես նրա՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության անդամ լինելը։
Տիկին Մոնրոյ-Վինթերը հավելել է, որ պատրաստ են քննարկել մարզում նոր ծրագրերի աջակցության առաջարկները։
Դեսպանը նշել է, որ Նիդերլանդների կառավարությունը խրախուսում է կայուն խաղաղության հաստատումը Հարավային Կովկասում և աջակցում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։