Արմինֆո. Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը կսրբադասվի։ Այդ մասին հաղորդում էVatican News-ը։
Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականի ապրիլի 19-ին ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Մարդին քաղաքում։ 14 տարեկանում ընդունվել է Լիբանանի Զմմաու վանք եւ 1896թ. ձեռնադրվել է՝ ստանալով Իգնատիոս անունը: Նա Ալեքսանդրիայում մեծ ճանաչում է ձեռք բերել արաբերեն և թուրքերեն քարոզների շնորհիվ: Այնուհետև նա նշանակվել է Կահիրեի պատրիարքական փոխանորդ, բայց հաջորդ տարի վերադարձել է Ալեքսանդրիա ՝ տեսողությանն առնչվող խնդիրների պատճառով։ 1911 թվականին նշանակվել է Մարդինի պատրիարքական փոխանորդ։
Հայոց ցեղասպանության ժամանակ նա ձերբակալվել է տասնյակ քրիստոնյաների հետ և տեղափոխվել դատարան։ Երբ Իգնատիոս Մալոյանին ասել են, որ իր կյանքը կարող է պահպանվել, եթե իսլամ ընդունի, նա հայտարարել է. «Մենք երբեք անհավատարիմ չենք եղել պետությանը... բայց եթե դուք խնդրեք մեզ անհավատարիմ լինել մեր կրոնին, դա երբեք չի լինի": Դրանից հետո նրան խոշտանգել են և շուտով մահապատժի ենթարկել։ 2001 թվականին Հովհաննես Պողոս II պապը նրան դասել է երանելիների շարքը։