Արմինֆո. Տեղական ինքնակառավարման մարմինների 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների շրջանակներում, ընտրական տեղամասում վերահաշվարկի կամ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում համապատասխան սուբյեկտները կարող էին ներկայացնել 2025 թվականի մարտի 31-ին՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ 2025 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ սահմանված ժամկետներում թիվ 14 և 31 ԸԸՀ-ներ ընտրական տեղամասում վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ներկայացվել։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և հիմք ընդունելով թիվ 14 և 31 ԸԸՀ-ներում անցկացված վիճակահանության արդյունքները, ինչպես նաև թիվ 31 ԸԸՀ-ի 2025 թվականի ապրիլի 1-ի N 16-Ա որոշումը՝ սեփական նախաձեռնությամբ մի շարք ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին, վերահաշվարկվելու են ընդհանուր թվով 10 ընտրական տեղամասերի արդյունքները։
Թիվ 14 ԸԸՀ-ը վերահաշվարկ է իրականացնելու թիվ 14/10, 14/01 և 14/11 թվով 3 ընտրական տեղամասերում, իսկ թիվ 31 ԸԸՀ-ը՝ թիվ 31/78, 31/22, 31/66, ինչպես նաև 31/67, 31/70, 31/50, 31/41 թվով 7 ընտրական տեղամասերում։ Վերահաշվարկի աշխատանքները մեկնարկելու են 2025 թվականի ապրիլի 1-ին ժամը 14:00-ին թիվ 14 և 31 ԸԸՀ-ների նստավայրերում», - ասվում է ԿԸՀ-ի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին տեղի ունեցան Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրություններ: Ըստ նախնական հաշվարկների՝ Գյումրիում առաջատարը "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն է, որը հավաքել է ձայների 35,47 տոկոսը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 18,41 տոկոս, "Մեր քաղաքը" դաշինքը՝ 16,04 տոկոս: Թեև իշխող ուժի ներկայացուցիչը հավաքել է ամենաշատ ձայները, այնուամենայնիվ, նրա քաղաքական ուժը չի հաղթահարել քաղաքապետի միանձնյա ընտրության համար անհրաժեշտ 50+1 ձայնի շեմը: Այսպիսով, եթե ընդդիմադիր ուժերը կոալիցիա կազմեն, Գյումրին կարող է ընդդիմադիր քաղաքապետ ունենալ։ Փարաքարում, նախնական տվյալներով, հաղթել է "Միասնություն" դաշինքի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը՝ ստանալով ընտրողների ավելի քան 56 տոկոսի աջակցությունը: