Արմինֆո. Ադրբեջանում մերժել են Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հանդիպման առաջարկը: Այդ մասին հաղորդել է ինքը՝ խորհրդարանականը։
"Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակավ մերժել է հանդիպելու իմ առաջարկը՝ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքներ փոխանակելու համար՝ ինձ անվանելով "պոպուլիստ"։ Եթե խաղաղության քարոզը պոպուլիզմ է, ապա ես հպարտությամբ ընդունում եմ այդ պիտակը և պատրաստ եմ կրել այն ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ է։ Իմ առաջարկը մնում է բանակցությունների սեղանին։ Ես պատրաստ եմ մասնակցել միջխորհրդարանական մակարդակով վստահության ամրապնդման միջոցառումներին՝ անխոնջ աշխատելով հանուն մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության", - գրել է նա X-ում:
Հիշեցնենք, որ վերջերս Սարգիս Խանդանյանը դիմել էր Ադրբեջանի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովին ՝ առաջարկելով անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հանձնաժողովների նիստ: Հայկական կողմի կարծիքով, այդ հանդիպումը հնարավորություն կընձեռի կարծիքներ փոխանակել խաղաղության համաձայնագրի նախագծի և դրա վավերացման գործընթացի շուրջ: Բացի այդ, այն թույլ կտար քննարկել խաղաղության գործընթացում խորհրդարանների դերակատարությանը վերաբերող հարցեր՝ նպաստելով միջխորհրդարանական համագործակցության ապագայի շուրջ երկխոսությանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում: Նախաձեռնությունը կարող է լրացնել երկրների կողմից ձեռնարկվող վստահության ամրապնդման այլ միջոցներ և նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը: