Արմինֆո.Փարիզը ողջունում է Հայաստանի միանալը ՄԱԿ Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի սահմանափակման ֆրանս-մեքսիկական նախաձեռնությանը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում։
"Ֆրանսիան և Մեքսիկան ողջունում են զանգվածային վայրագությունների դեպքում Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի սահմանափակման հայեցակարգին աջակցելու Հայաստանի որոշումը։ Այս հայտարարությունը ցույց է տալիս արդյունավետ բազմակողմ մոտեցման հանձնառությունը՝ ի աջակցություն Անվտանգության խորհրդի՝ նման իրավիճակներում գործելու ունակությանը", - ընդգծել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Փարիզում հիշեցրել են, որ դեռևս 2015 թվականի ապրիլին ՄԱԿ Անվտանգության խորհրդում իր նախագահության ժամանակ Ֆրանսիան խոստացել էր չօգտագործել վետոյի իր իրավունքը զանգվածային վայրագությունների դեպքում: "Նախաձեռնությանը, որը մենք նույն տարվանից առաջ ենք մղում Մեքսիկայի հետ համատեղ, աջակցում է 107 պետություն։ Այս տարի այն իր 10-ամյակը կնշի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում", - ամփոփել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում։