Արմինֆո. Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Շտայնմայերը պաշտոնական այցով Երեւան է ժամանել մարտի 30-ի երեկոյան:
Գերմանիայի նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրում, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, ապա մեկ րոպե լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագը 1915-16 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները ցեղասպանություն որակող բանաձև է ընդունել 2016 թվականի հունիսի 2-ին: Բանաձևն ընդունվել է գրեթե միաձայն՝ մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել, մեկը դեմ է քվեարկել: Բանաձևում ճանաչվում է ոչ միայն 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը, այլև՝ այդ իրադարձությունների համար Գերմանիայի պատասխանատվությունը: