Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն՝ դրանց հետագա կրկնությունը բացառելու համար:
«Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։
Հ․Գ․ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ», - գրել է Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում տեղի են ունեցել ավագանու ընտրություններ: Ընտրողների մասնակցությունը կազմել է 44.61% (58 978): Ընդհանուր առմամբ, երկու համայնքներում ընտրելու իրավունք ուներ 132 203 ընտրող (Գյումրիում՝ 111 236, Փարաքարում՝ 20 967): Դիտորդներն ահազանգել են Գյումրիում տեղի ունեցած ընտրախախտումների մասին։
Ժամը 08.00-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է 82 ընտրատեղամասերից 81-ի տվյալները: Ըստ այդ տվյալների ՝ առաջատարը "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն է (քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյան)՝ 36,80 տոկոս արդյունքով (16 938 ձայն)։ Երկրորդ տեղում է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան), ում օգտին քվեարկել է ընտրողների 20,71 տոկոսը (9 537): Երրորդ տեղում է "Մեր քաղաքը" դաշինքը (ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյան)՝ 15,85 տոկոս արդյունքով (7 296) ։ "Իմ հզոր համայնք" կուսակցությունն (Ռուբեն Մխիթարյան) ստացել է ընտրողների ձայների՝ 7,94% (3 659), "Մայր Հայաստան" դաշինքը (Կարեն Սիմոնյան)՝ 6,18% (2 844), «Եվրադաշինքը» (Լեւոն Բարսեղյան)՝ 4,50% (2 071), «Ապրելու երկիր» կուսակցությունը (Կարեն Մալխասյան)՝ 3,60% (1 658), «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցությունը (Արտյոմ Կարակազարյան)՝ 3,01% (1 387), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը (Արտյոմ Թումանյան)՝ 1,39% (642): Այսպիսով, ըստ նախնական տվյալների, Գյումրու ավագանիում կլինի 5 ուժ (անցողիկ շեմը կուսակցությունների համար 4% է, դաշինքների համար՝ 6%). "Քաղաքացիական պայմանագիր" (Սարիկ Մինասյան), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան), "Մեր քաղաքը" դաշինք (Մարտուն Գրիգորյան), "Իմ հզոր համայնք" կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան), "Մայր Հայաստան" դաշինք (Կարեն Սիմոնյան):