Արմինֆո. Մեր պայքարը ոչ թե Հայաստանի իշխանությունների դեմ է, այլ՝ արցախցիների իրավունքների համար, որպեսզի կառավարությունը ճիշտ որոշումներ կայացնի։ Այս մասին Ազատության հրապարակում արցախցիների ընդհանուր հավաքի ժամանակ հայտարարել է փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
"Մենք պայքարում ենք ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ՝ ձեզնից յուրաքանչյուրի իրավունքի, հայրենիքում արժանապատիվ ապրելու համար, և՝ որ արցախցին Հայաստանում փախստական չկոչվի, այլ՝ տեղի հայ, ՀՀ քաղաքացի", - ասել է իրավապաշտպանը:
Նա անրդար է համարել, որ արցախցիները Հայաստանում փախստականի կարգավիճակ ունեն։ "Պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ մեկը չունի ոչ բարոյական, ոչ օրինական, ոչ քաղաքական իրավունք արցախցիներին փախստական անվանելու և ասելու, որ արցախցին քաղաքացիություն չունեցող անձ է և պետք է դիմի՝ այն ստանալու համար։ Սա մոտեցում է, որը միայն կարող է պառակտել հայ ժողովրդին", - նշել է իրավապաշտպանը։
Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է այն դժվարությունների մասին, որոնց բախվում են արցախցիները կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո։ Հովհաննիսյանը պատմել է, որ Հայաստանի լիազոր մարմինները պահանջում են սոցվճարի մասին տեղեկանք կամ արխիվային փաստաթուղթ՝ կենսաթոշակը ձեւակերպելու համար։ Բայց ոչ ոք հաշվի չի առնում, որ մարմինը, որը կարող էր նման փաստաթուղթ տրամադրել, լուծարված է, իսկ արխիվը, հայտնի պատճառներով, չի հաջողվել Հայաստան տեղափոխել Արցախից բռնի տեղահանության ժամանակ։ Այդ առնչությամբ Հովհաննիսյանը ՀՀ կառավարությունից պահանջել է փոփոխություններ կատարել բռնի տեղահանված քաղաքացիների մասին համապատասխան օրենքում, որը թույլ կտար որպես կենսաթոշակի հաշվարկման/ձևակերպման հիմք օգտագործել աշխատանքային գրքույկը:
Փաստաբանը նաև հիշեցրել է, որ 150 հազար արցախցիներից ոչ ոք, ըստ Հայաստանի իշխանությունների հայտարարած ծրագրի, այդպես էլ բնակարանով չի ապահովվել: "Եթե 1915թ. ցեղասպանությունից հետո մենք հհզոր պետություն ունենայինք, ապա Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցներն ապաստան չէին փնտրի Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլուր: Այսօր էլ մենք կունենայինք հզոր պետություն՝ 6 մլն բնակչությամբ:
Պատմությունը կրկնվեց 100 տարի անց։ Մենք ունենք ավելի քան 100 հազար հարկադրաբար տեղահանված, որոնցից 20 հազարը գաղթել են արտերկիր։ Հայաստանի իշխանությունները պետք է այնքան խելք, կամք ու ցանկություն ունենային, որ միջոցներ ձեռնարկեին ու թույլ չտային արցախցիներին մեկնել", - նշել է Հովհաննիսյանը։