Արմինֆո. Արցախցիների հավաքական հայրենիք վերադարձի համար, առաջին հերթին, անհրաժեշտ է ստեղծել համապատասխան հարթակ։ Այդ մասին մարտի 29 - ին Ազատության հրապարակում հաանուն արցախցիների իրավունքների հանրահավաքի ժամանակ լրագրողներին հայտարարել է Արցախի Հանրապետության նախկին օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
Նա հիշեցրել է, որ այդ պահանջները շարադրված են նաև Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած բանաձևում:
"Մենք տեսնում ենք, որ քանի դեռ չկա մի հարթակ, որտեղ մենք կարողանանք խոսել և ներկայացնել մեր պահանջները, իմաստ չունի բարձրացնել վերադարձի հարցը", - ասել է Ստեփանյանը: Նա արձաանագրել է, որ անհնար է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունն ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում ՝ նրա բռնապետական ռեժիմի ներքո։
"Սրանով էլ բացատրվում է այն, որ մեկ օրում 120 հազար արցախցիներ, մեկ մարդու նման, լքեցին իրենց հայրենիքն ու գերեզմանները։ Ուստի վերադարձի մասին խոսել հնարավոր չէ՝ առանց անվտանգության միջազգային երաշխիքների։ Դրա մասին խոսելու համար հարթակ է պետք, և այդ հարթակը, մենք ակնկալում ենք, որ, առաջին հերթին, պետք է ապահովվի Հայաստանի իշխանությունների կողմից", - հայտարարել է Ստեփանյանը։
Խոսելով ընթացող հանրահավաքի մասին՝ նախկին օմբուդսմենը նշել է, որ այն հավաքել է Արցախի հասարակության բոլոր շերտերին՝ սկսած հասարակ մարդկանցից, վերջացրած իշխանության ներկայացուցիչներով:
Ստեփանյանը նշել է, որ արցախցիների համար նման մասշտաբի հավաք կազմակերպելու վերջին կաթիլը սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրի գործողության դադարեցումն էր, ինչը ծանրագույն հետևանքներ կունենա մարդկանց համար: "Սա մի դիտարկեք որպես բացառապես նյութական պահանջ։ Այս օգնությունն իսկապես կարևոր է, որպեսզի մարդիկ մնան Հայաստանում, ունենան արժանապատիվ կյանք և պահպանեն վերադարձի իրավունքը: Ես հույս ունեմ, կամ ուզում եմ հուսալ, որ Հայաստանի կառավարությունը կլսի հազարավոր մարդկանց պահանջը և կկարգավորի այս կարևոր հարցը", - ասել է նա։ Հակառակ դեպքում, ըստ մարդու իրավունքների նախկին պաշտպանի, արցախցիները ստիպված կլինեն արտագաղթել, կամ կզրկվեն տանիքից և այլն:
Միաժամանակ, նա դժգոհել է, որ արցախյան հարցը որոշել են փակել՝ հաշվի չառնելով հենց արցախցիների կամքն ու ցանկությունը ։ "Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, ունի արժանապատիվ և անվտանգ ապրելու իրավունք և չի պատրաստվում հրաժարվել այդ իրավունքից։ Թող ով ուզում է հրաժարվի ինչից ուզում է, բայց մենք՝ ինքներս, չենք կարող հրաժարվել։ Այստեղ պետք է հասկանալ, որ արցախյան էջը փակելը մեզ համար հավասարազոր է մեր գոյության իմաստազրկման։ Քանի դեռ մենք կանք, և կա աջակցություն Հայաստանի մեր հայրենակիցներից, մենք պայքարելու ենք, որպեսզի Արցախի հարցը չփակվի", - ասել է Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները կհրաժարվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության կարճաժամկետ ծրագրերի իրականացումից: Նա նշել էր, որ փախստականներին 40+10 հազար դրամ օգնություն տրամադրելու հետ կապված կարճաժամկետ ծրագրերը ապրիլի 1-ից կդադարեցվեն աշխատունակ անձանց նկատմամբ: Բացառություն կկազմեն մինչև 18 տարեկան երեխաները, 63 տարեկանից բարձր անձինք, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքները: Ճիշտ է, ինչպես նշել է նախարարը, տվյալ կատեգորիայի քաղաքացիների համար աջակցության չափը կնվազի մինչեւ 40 հազար դրամ, իսկ այս տարվա հուլիսից մինչեւ դեկտեմբեր ՝ մինչեւ 30 հազար դրամ։ Մկրտչյանն այս քայլի հիմնական պատճառը համարել էր իշխանությունների ցանկությունը՝ ղարաբաղցիներին տեսնել աշխատատեղերում։ Նա նաև տեղեկացրել է,ր որ չորս հոգուց բաղկացած ընտանիքին առաջարկվում են մինչև 20 մլն դրամի հավաստագրեր՝ երկրի 400 համայնքներում բնակարան ձեռք բերելու համար: