Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին "նախապատրաստում է" շոգ ամառանը։ Քաղաքը փողոց առ փողոց զրկվում է այսքան տարի երևանցիներին ամառային կիզիչ արևից փրկող ծառերից, որոնց փոխարեն դեկորատիվ ծառեր են տնկվում: Փորձագետների կարծիքով՝ հատվում են միանգամայն առողջ բույսեր, թեև քաղաքապետարանը շարունակում է պնդել, որ հատվում են բացառապես կենսունակությունը կորցրած ծառերը:
Քաղաքային իշխանությունների հերթական "թիրախը" Մելիք Ադամյան փողոցն է, որտեղ հատվել էր 59 կնձնի։ Փոխարենը՝ կծաղկեն 82 դեկորատիվ գնդաձև կատալպաներ։ Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ դրանք հասուն, 15 տարեկան կատալպաներ են, որոնք փոխարինել են իրենց կյանքի ցիկլի ավարտին մոտեցող հիվանդ և դեֆորմացված կնձնիներին: "Այս ծառատեսակը հայտնի է իր լայն, սրտաձև տերևներով, բավականին արագ է աճում, ձևավորում է լայն սաղարթ ու ապահովում ստվեր: Կատալպաները մեծ կիրառում ունեն քաղաքային կանաչապատման բնագավառում. լավ աճում են արևոտ կամ կիսաստվերոտ վայրերում, դիմացկուն են տարբեր հողային պայմանների նկատմամբ, հիվանդությունների նկատմամբ կայուն են, չեն առաջացնում ալերգիկ միջավայր", - հավաստիացրել են քաղաքապետարանում:
Մինչդեռ, տարբեր աղբյուրներում ասվում է, որ գնդաձև կատալպան փոքր կոմպակտ ծառ է՝ բաց կանաչ տերևների գնդաձև պսակով, մինչև 4-6 մ բարձրությամբ և օգտագործվում է փոքր այգիների, ինչպես նաև փողոցների կանաչապատման, կոնտեյներային կանաչապատման համար:
Ամռանը ծառը զարդարվում է վարդագույն-սպիտակ ծաղկաբույլերով՝ արձակելով հաճելի բույր։ Կատալպաները տնկվում են զբոսայգիներում, օգտագործվում են քաղաքային ծառուղիները և անձնական հողամասի մոնումենտալ դեկորը զարդարելու համար: Դրանք կոչվում են նաև մակարոնի ծառ։
Այս ամենը, անշուշտ, հրաշալի է, և ոչ ոք չի բացառում, որ գեղագիտական տեսանկյունից, եթե քաղաքապետարանի կողմից տնկված ծառերն իսկապես արմատավորվեն և, նույնիսկ, ծաղկեն սեզոնի ընթացքում, քաղաքը կվերափոխվի: Բայց ոչ միայն փորձագիտական համայնքը, այլև քաղաքացիները հարց են տալիս. որքանո՞վ է ռացիոնալ զոհաբերել մարդկանց առողջությունը հանուն ժամանակավոր, սեզոնային գեղեցկության: