Արմինֆո. Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին և պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին ստորագրությունը: Այդ մասին հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Լրագրողների հետ զրույցում Աղազարյանը համոզմունք է հայտնել, որ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական ճնշման դրսևորում է, և պատրաստակամություն է հայտնել ցուցմունք տալ:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը բավարարել էր գլխավոր դատախազի միջնորդությունը ՝ երկու պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Որոշումներն ընդունվել են գաղտնի քվեարկության հիման վրա, որին մասնակցել են 107 պատգամավորներից 67-ը:
Նշենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը Հովիկ Աղազարյանին մեղադրում է կաշառք ստանալու փորձի համար՝ Արաբական Միացյալ Էմիրություններ մանր եղջերավոր անասունների գլխաքանակի արտահանմանն աջակցելու, ինչպես նաև Աջափնյակ վարչական շրջանի դպրոցի վթարային շենքի քանդման հարցը լուծելու համար, որտեղ նախատեսվում էր բնակելի համալիրի կառուցում: Ինքը ՝ Աղազարյանը, իրեն առաջադրված երկու դրվագներով չի ընդունում իր մեղքը։ Տարոն Մարգարյանն, իր հերթին, մեղադրվում է հողամասերի օտարման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար: