Արմինֆո. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին ժամեր շարունակ պահել են Երեւանի "Զվարթնոց" օդանավակայանում՝ առանց որեւէ բացատրության: Այդ մասին հայկական լրատվամիջոցներին հաղորդել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հաղորդել էր, որ իշխանություններն արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ «Պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։ Որքան տեղյակ եմ՝ պարոն Աբրահամյանն ունի նաև ՀՀ քաղաքացիություն, իսկ այդ պայմաններում մուտքի արգելքն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 3-րդ մասի ուղիղ խախտում», - գրել էր Մելիքյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի գործող "ժողովրդավարական" իշխանություններն արգելում են արտասահմանցի հայ գործիչների մուտքը երկիր։ Որպես կանոն՝ անցանկալի անձ են հայտարարվում իշխանության քննադատները: Ավելի վաղ Հայաստանում անցանկալի անձ էին հայտարարվել Ֆրանսիայի հայ համայնքի ղեկավար Մուրադ Փափազյանը, "Ռուսաստանն այսօր" միջազգային լրատվական գործակալության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը և այլոք: