Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ղազախստանի «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում՝ առողջապահական ոլորտում արհեստական բանականության ներդրման ուղղությամբ իրականացվող հետազոտություններին և առկա փորձին։
Անդրադարձ է կատարվել նորարարական կրթության ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին՝ հաշվի առնելով երկու երկրների կառավարությունների կողմից այս ուղղությանը ցուցաբերվող մեծ ուշադրությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնում գործող «Ապագայի դպրոցին», ինչպես նաև առաջիկայում «ԹՈՒՄՈ» հայկական կենտրոնի մասնաճյուղի բացմանը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահի՝ 2024 թ. հոկտեմբերին Աստանա այցի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագրով։
Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանն այցելել է նաեւ քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան և հուշահամալիր «ԱԼԺԻՐ» («Հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլինսկի ճամբար»): Նախարար Միրզոյանը ծանոթացել է թանգարան-հուշահամալիրի նմուշներին, որոնք ներկայացնում են 1930-1950 թթ. ԽՍՀՄ բռնաճնշումների արդյունքում Ղազախստանի Ակմոլ գյուղ (նախկինում՝ Մալինովկա) աքսորված կանանց պատմությունն ու դեպքերը։ Ըստ թանգարանի տվյալների՝ նրանց շրջանում եղել են նաև շուրջ 80 հայ կանայք։ Նախարար Միրզոյանը ծաղիկներ է զետեղել հուշահամալիրի տարածքում տեղադրված՝ հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին և խաչքարին։