Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Այցի շրջանակներում` մարտի 27-ին, պաշտպանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:
ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Անահիտ Մանասյանը խոսել է Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների, ինչպես նաև ՄԻՊ հաստատության մարտահրավերների մասին:
Իր խոսքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների` մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու և անձանց անհապաղ ազատ արձակման կարևորության հանգամանքին:
Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը՝ ընդգծելով ԵԽ ծրագրերի դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների զարգացման գործում։