Արմինֆո. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցի հաամակարգումը հանձնարարել են երեք երկրների փոխվարչապետներին: Այդ մասին մարտի 27-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե հայկական կողմը չի դիտարկում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով ՌԴ-ի հետ բանակցությունների եռակողմ ձևաչափին վերադառնալու հնարավորությունը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանում այդ հարցով զբաղվում է ոչ թե նշված պետական գործիչը, այլ՝ բոլորովին այլ պաշտոնյա։
Այնուհետև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման այդ կարևոր խնդրի լուծման համար երեք երկրների ղեկավարները ստեղծել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման պրոֆիլային աշխատանքային խումբ: Նա հավելել է, որ դրա շրջանակներում հսկայական աշխատանք է կատարվել։
"Այո, մենք տեսնում ենք արևմտյան երկրների ապակառուցողական ազդեցությունը, նաև տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն էլ երբեմն, երբեմն էլ հաճախ հարցեր է առաջացնում մեզ մոտ։ Եվ ահա այս երկու գործոնների պատճառով համագործակցությունը խմբում կանգ է առել, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք", - հավելել է ռուս դիվանագետը։
Նրա խոսքով, Մոսկվայում վստահ են, որ այդ խմբի շրջանակներում լիարժեք աշխատանքի շուտափույթ վերսկսումը կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային - լոգիստիկ համակարգի վերականգնմանը, թույլ կտա այն ներառել Եվրոպայից Ասիա եւ հակառակ ուղղությամբ բեռների փոխադրման ավելի մասշտաբային սխեմաներում, այլեւ կապահովի ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի հետագա սոցիալ - տնտեսական զարգացումը:
"Բայց եթե Երևանի դիրքորոշումը փոխվել է, դա նրա սուվերեն իրավունքն է, և ավելի ճիշտ կլիներ մեզ տեղյակ պահել այդ մասին", - ասել է նա: