Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, որոշման ընդունումը կնպաստի հանրության շրջանում հեծանիվները որպես երթևեկության միջոց առավել ակտիվ օգտագործելուն, ինչը դրական ազդեցություն կունենա թե հանրության շրջանում ֆիզիկական առողջ ակտիվության բարձրացման, թե հանրային երթևեկության այլընտրանքային ձևերի զարգացման վրա:
Նախատեսված միջոցառումն ազդեցություն կթողնի նաև տնտեսական զարգացման տեսանկյունից՝ հաշվի առնելով հեծանիվների ներմուծման, տեխնիկական սպասարկման ոլորտի աշխուժացման հնարավորությունների ստեղծումը։ Ծրագրի շրջանակում կտրամադրվի օժանդակություն՝ 2025 թ.՝ 500, 2026 թ.՝ 1000 և 2027 թ.՝ 1500 նոր շահառուների: Ըստ հիմնավորման՝ 2021-ից ներդրվել են մասսայական սպորտի նոր միջոցառումներ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի գավաթի հինգ մրցաշարերը, որոնք նպատակ ունեն զարգացնել և խթանել հանրության մասնակցությունը տարբեր մարզաձևերին, նաև մրցաշարերը կազմակերպելով տարբեր մարզային բնակավայրերում՝ նպաստել նաև այդ բնակավայրերի տնտեսական աշխուժացմանը։ 2024 թ. «ՀՀ վարչապետի գավաթ» 5 խոշոր մարզական մրցաշարերին արդեն իսկ մասնակցել է շուրջ 9603 մարդ, որ 48%-ով ավելի է, քան նախորդ տարի: Դպրոցական հեծանվավազքի կազմակերպման և դպրոցականների շրջանում հեծանիվ վարելը խթանելու նպատակով 2024-ին ավելի քան 6500 հեծանիվ է գնվել և տրամադրվել բոլոր դպրոցներին, կազմակերպվում են նաև համապատասխան մասնագետների վերապատրաստումներ: Որոշման նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմ՝ խրախուսելու ՄԿՈՒ և բարձրագույն ուսումնական հաստատությունների այն սովորողներին և աշխատակիցներին, որոնք դիտարկում են հեծանիվը իբրև փոխադրամիջոց, իբրև նախասիրություն, ստանալ հնարավորություն մատչելի տարբերակով ձեռք բերել հեծանիվ՝ անհրաժեշտ պարագաներով և այն գործածել առօրյայում։ Այսպիսով, յուրաքանչյուր շահառուի համար սեփական նպատակների և նախասիրությունների շրջանակում ստեղծվող հնարավորությունը նաև հանրային վարքականոնի ձևավորման լավ հիմք կդառնա՝ խթանելով թե՛ սիրողական հեծանվավազքը, թե՛ դարձնելով հեծանիվը ավելի ակտիվ օգտագործվող փոխադրամիջոց։
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, 16 տոկոս է տարեկան դրույքաչափը, որը սուբսիդավորվելու է, այսինքն՝ տոկոսը զրոյացվելու է: «Ֆինանսական օժանդակություն կտրամադրվի այն շահառուներին, որոնք կարող են լինել բուհերի կամ ՄԿՈՒ հաստատությունների աշխատակիցներ կամ սովորողներ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով: Նախատեսում ենք, որ վարկի գումարը կարող է լինել մինչև 300 հազար դրամ, որը մեր վերլուծությունների համաձայն, միանգամայն բավարար է տարբեր դասի որակյալ հեծանիվ, ինչպես նաև անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար մինչև 36 ամիս ժամկետով»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով Կառավարությունը պատրաստ է աջակցել այն ուսանողներին ու դասախոսներին, ովքեր դիտարկում են կամ պատրաստ են դիտարկել հեծանիվը որպես տրանսպորտային միջոց օգտագործելը՝ այդ նպատակով վերցրած վարկի տոկոսի սուբսիդավորման ձևով: Ըստ վարչապետի՝ ծրագրի իրականացումը նախ՝ երկարաժամկետ տրանսպորտային ծանրաբեռնվածության խնդիր կարող է լուծել, երկրորդը՝ կխթանի առողջ ապրելակերպը, ինչը շատ կարևոր է: «Զարմանալի է , որ մեր ուսանողությունն այդ նախաձեռնությունը չի ցուցաբերում, բայց հույս ունենք, որ գոնե Կառավարության ցուցաբերած նախաձեռնությունից կօգտվի», -ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կարևորել է ծրագրի իրականցումը և ընդգծել, որ դա կարող է իրական պահանջարկ ձևավորել առանձին հեծանվային ուղիներ ստեղծելու հարցում: