Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է Ազգային ժողովում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը:
«Պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ լրագրողները, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի անհարկի միջամտությունից կամ ճնշումից: Խորհրդարանում լրագրողների գործունեության համար սահմանված կանոնները չպետք է վերածվեն նրանց իրավունքների սահմանափակման կամ մասնագիտական գործունեության անհարկի միջամտության միջոցի:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է պետության կողմից բնականոն և անխոչընդոտ լրատվական գործունեության ապահովումը: Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ խոսքի ազատության անհարկի ու ոչ իրավաչափ սահմանափակման մասին:
Պաշտպանի հանձնարարությամբ մանրամասն ուսումնասիրվում են միջադեպի վերաբերյալ հրապարակային նյութերը և իր լիազորությունների շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր», - ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:
Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին արձագանքել է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Տելեգրամի իր էջում նա խոստովանել է, որ ականատես է եղել միջադեպին, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկել: Սիմոնյանը, միաժամանակ, փորձել է արդարացնել պետական պահպանության ծառայության գործողությունները, պնդելով, որ նրանք գործել են "ապակուն անսպասելի հարվածների" հետ կապված մտավախությունների պատճառով։ "Երբ աղմուկից հետո բարձրացա լրագրողների օթյակ, ես պետք է պարզապես խնդրեի պետական պահպանության ծառայության աշխատակիցներին վերադարձնել պաստառը և չխանգարել լրագրողներին ակցիա անցկացնել։ Ես հասկանում եմ, որ ՊՊԾ աշխատակիցները վտանգ են տեսել անսպասելի ձայների և ապակուն հարվածելու մեջ, հատկապես, երբ դահլիճում էին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ. ես չեմ ուզում նրանց մեղադրել: Իմ սխալն այն էր, որ ես չկարողացա արագ կողմնորոշվել տեղում", - հայտարարել է Սիմոնյանը։ ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ ապագայում նման իրավիճակները կանխելու նպատակով առանձնազրույց է ունեցել Պետական պահպանության ծառայության աշխատակիցների հետ: Նա նաև խոստովանել է, որ եթե ակցիան չի խաթարում Հայաստանի խորհրդարանի բնականոն աշխատանքը, ապա այն չպետք է խոչընդոտվի:
Ակցիան կազմակերպած լրագրողներին աջակցություն է հայտնել Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը, ում համոզմամբ, Ազգային ժողովում լրագրողների երեկվա ակցիան միանգամայն օրինական էր և ուղղված էր սեփական իրավունքների պաշտպանությանը, իսկ ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների գործողությունները` լրագրողների իրավունքների բացահայտ ոտնահարում էր: «Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար, և նրանց այդտեղից հեռացնելը ոչ միայն անօրինական էր, այլ նաև նրանց մասնագիտական աշխատանքի արգելափակում` հանուն ՔՊ քաղաքական շահերի:
ՔՊ-ն «անվտանգության» քողի տակ օգտագործում է անվտանգության աշխատակիցներին իր շահերի պաշտպանության համար: Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում այսօրվա ակցիան կազմակերպած լրագրողներին», - գրել է Արման Թաթոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: