Արմինֆո. Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը հանդիպում է տեղի ունեցել "Ուկրաինական ֆորում" ՀԿ-ի, "Alvan Tsaghik Social-Educational Center" ՀԿ-ի ներկայացոիցիչների հայ և ուկրաինացի երիտասարդների հետ:
Ինչպես ասվում է Հայաստանում Ուկրաինայի դիվանագիտական կորպուսի հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերություններին, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործունեությանը, հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների դարավոր պատմությանը վերաբերող հարցեր:
Աղբյուրի համաձայն, հայ և ուկրաինացի երիտասարդները Հայաստան են ժամանել "Կրթություն, խաղաղություն, կայունություն" խորհրդաժողովին մասնակցելու համար, որն անցկացվում է "Մարդու իրավունքների այբուբեն" նախագծի շրջանակում:
Վերջինս անցկացվում է "Alvan Tsaghik Social-Educational Center" ՀԿ-ի կողղմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թաագավորության դեսպանության աջակցությամբ:
Երիտասարդները՝ 14-17 տարեկան դեռահասները, Հայաստանում են մարտի 23-29-ը:
Խորհրդաժողովի հիմնական թեմաներն առնչվում են կրթության և նորարարության դերին ապագայի ձևավորման գործում, երիտասարդների դերին երկխոսության հաստատման և խաղաղ նախաձեռնությունների մշակման գործում, և միջազգային համագործակցության կարևորությանն ապագայի կայուն զարգացման համար:
Հաղորդվում է, որ խորհրդաժողովի մասնակիցներն արդեն հանդիպել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ , ինչպես նաև մտադիր են այցելել "Ուկրաինական ֆորում" ՀԿ, որի գործունեությունն ուղղված է փախստականներին օգնություն ցուցաբերելուն և կրթամշակութային նախագծերի իրականացմանը: