Արմինֆո. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 26-ի ԱԺ հերթական նիստի ժամանակ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
ԱԺ հաղորդագրության համաձայն, Հովիկ Աղազարյանի դեմ մեղադրանք է ներկայացվել քրեական գործի երկու դրվագով:
Քրեական գործի առաջին դրվագով Հովիկ Աղազարյանը 200-300 հազար դոլար կաշառքի դիմաց եւ կեղծ փաստաթղթերով մի քաղաքացու խոստացել է 150-200 գլուխ գյուղատնտեսական նշանակության կենդանիների ԱՄԷ արտահանում կազմակերպել: Դատախազության վարկածով կողմերի հանդիպման վայրում Հովիկ Աղազարյանը տեղեկացրել է, որ պայմանավորվածություն ունի Սննդի անվտանգության տեսչության հետ եւ պահանջել է 100 հազար դոլար: Քաղաքացիները նրան առաջարկել են նախապես վճարել 20 հազար դոլար՝ խոստանալով մնացածը փոխանցել հետագայում, սակայն պատգամավորը մերժել է՝ պատճառաբանելով, որ գումարը քիչ է:
Այսպիսով, ըստ դատախազի, պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդ կերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը, ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվողի օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործողություն:
Երկրորդ քրեական գործի շրջանակում Հովիկ Աղազարյանը կասկածվում է 23 հազար դոլար կաշառք ստանալու մեջ՝ Երեւանի Աջափնյակ համայնքում վթարային վիճակում գտնվող դպրոցի շենքը քանդելու թույտվություն ստանալու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոց, իսկ մյուս մասի վրա բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույտվություն ստանալու համար: «Չնայած իր խոստմանը` Աղազարյանը չի կարողացել կազմակերպել իրավասու մարմիններից համապատասխան թույլտվություններ ստանալու խոստումը եւ միաժամանակ չի վերադարձրել գումարը»,- ընդգծել է դատախազը:
Աննա Վարդապետյանի դիտարկմամբ Հովիկ Աղազարյանը «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ իրավունք ունենալով հարցումներով եւ առաջարկներով դիմելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ գործողություն կատարելու դիմաց պահանջել եւ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Նշվել է, որ այս ամենը փաստող տեսանյութեր կան գործին կցված:
Գլխավոր դատախազն ընդգծել է, որ Ազգային ժողովի նիստից հետո քրեական վարույթն ամբողջությամբ կուղարկվի դատարան:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների՝ մեկ տասնյակից ավելի հարցերին, տվել պարզաբանումներ:
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր պատասխան ելույթում պարզաբանումներ է ներկայացրել առաջադրված մեղադրանքների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք չի ընդունում:
Անդրադառնալով 23 հազար դոլար կաշառք վերցնելու գործին՝ պատգամավորը հերքել է՝ ընդգծելով, որ տվյալ քաղաքացուց վերցրել է 8000 դոլար պարտքով գումար՝ իր բնակարանը վերանորոգելու նպատակով, ապա վերադարձրել պարտքը: Պատգամավորը պնդել է, որ 23 հազար դոլար կաշառք վերցնելու գործի մասին ինքը տեղեկացել է դատախազության ներկայացրած միջնորդությունից:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական նշանակության կենդանիների ԱՄԷ արտահանում կազմակերպելուն, ապա Հովիկ Աղազարյանը նշել է, որ ինքը տվյալ քաղաքացիներին հրաժարվել է օգնություն ցուցաբերել:
Պատգամավորն ընդգծել է, որ դատախազության ներկայացրած գործն իր նկատմամբ քաղաքական ճնշում է:
Հովիկ Աղազարյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին: Հարցի քննարկումը կշարունակվի վաղը: