Արմինֆո. Հայաստանի բնապահպանական պարեկային ծառայության աշխատակիցներն օրենսդրական մակարդակով կստանան պետական սոցիալական երաշխիքներ: ՀՀ Ազգային ժողովը մարտի 26-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Բնապահպանական պարեկային ծառայության մասին" օրենքում:
Ներկայացնելով փոփոխությունները՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը նշել է, որ կառավարությունն առաջարկում է վերանայել Բնապահպանական պարեկային ծառայության աշխատակցի մահվան կամ հաշմանդամության դեպքում տրամադրվող ֆինանսական օժանդակությանը վերաբերող դրույթները:
Զեկուցողի խոսքով՝ փոփոխությունն առաջարկում է օրենսդրորեն ամրագրել ծառայության աշխատողի սոցիալական երաշխիքները: Մասնավորապես, նախատեսվում է սոցիալական ապահովագրությունը փոխարինել դրամական փոխհատուցմամբ և նախատեսել միջոցների վճարում ծառայողական պարտականությունները կատարելիս ծառայության աշխատողի առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ մահվան դեպքերում: Առաջարկվում է նաև կառավարությանը օժտել փոխհատուցումների վճարման կարգը սահմանելու լիազորություններով:
Մեկ այլ փոփոխություն վերաբերում է Բնապահպանական պարեկային ծառայության աշխատակիցների նշանակման կարգին։ Մասնավորապես, սահմանվել է, որ էկոպարեկներն իրենց լիազորություններն իրականացնում են մրցույթի արդյունքներով սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան 2027 թվականի հունվարի 1-ը:
Ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել էր, որ ներկայումս ընթանում է ծառայության համալրման գործընթաց: Նա հաղորդել էր, որ կին ներկայացուցիչների համար քվոտաներ չեն սահմանվել։ Ծառայությունը վերջերս է ստեղծվել, և չի բացառվում նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասնակցությունը։