Արմինֆո. Իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ապացույցներ է ներկայացրել, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է:
Արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերին, ով այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Աշոտյանի քաղբանտարկյալ լինելու փաստը հաստատող միջազգային զեկույցներ չկան, Մելիքյանը հակառակի ապացույց է բերել եվրոպական և համաշխարհային քաղաքական կազմակերպությունների երկու կարևոր բանաձևերը:
«Այդ կեղծիքը հերքելու համար տեղադրում եմ երկու խոշորագույն (եվրոպական եւ համաշխարհային) քաղաքական ընտանիքների հատուկ բանաձեւերը, որոնցով Արմեն Աշոտյանը հստակորեն ճանաչվել է որպես քաղաքական բանտարկյալ։
1. Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը (EPP) 2023 թվականի նոյեմբերի 14-ին ընդունված «Աջակցելով Եվրոպայի քաղաքական բանտարկյալներին աճող ավտորիտարիզմի ժամանակ» հրատապ բանաձեւում Հայաստանից ընդգրկել է հենց Արմեն Աշոտյանի դեպքը որպես քաղաքական հետապնդում (կցվում է):
2. Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալը (IDC-CDI) 2024 թվականի ապրիլի 9-ին առանձին բանաձեւով է անդրադարձել Հայաստանում քաղաքական հետապնդումներին՝ ընգծելով հենց Արմեն Աշոտյանի դեպքը (կցվում է):
Զոռբայությամբ, լաչառությամբ, ստերով եւ ճտպտան բառակույտով այլեւս անհնար է կոծկել Հայաստանի բազում խնդիրները, այդ թվում՝ քաղաքական հետապնդումների աղաղակող փաստերը», - գրել է Մելիքյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում՝ զետեղելով վերը նշված բանաձեւերը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել էր։ Մեկ օր առաջ նա ձերբակալվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: Աշոտյանն իրեն մեղավոր չի ճանաչում և տեղի ունեցածը համարում է բացահայտ ու ցինիկ քաղաքական հալածանք ։