ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամներ Էդ Ռոյսը և Էլիոտ Էնգելը գործընկերներին կոչ են անում ստորագրել նամակի ներքո, որում ԱՄՆ-ից պահանջում են ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքեի շփման գծում խաղաղության հաստատմանն ուղղված գործունեությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA), կոնգրեսականներն ստորագրահավաք են սկսել ԵԱՀԿ ՄԽ ամերիկակցի համանախագահ Ջեյմս Ուորլիքին հասցեագրված նամակի ներքո, որում ԱՄՆ-ից պահանջում են հրաժարվել կեղծ անկողմնակալության անհաջող քաղաքականությունից` ի պատասխան Բաքվի ագրեսիվ գործողություններին ղարաբաղյան հակամարտության գոտում:
«ԱՄՆ և ԵԱՀԿ ՄԽ բազմամյա փորձը, որը հանգում է հակամարտող կողմերին ուղղված բռնությունից զերծ մնալու անհասցե կոչերի, չի նպաստել լարվածության թուլացմանը: Ավելին, արհեստական անկողմնակալության ստեղծմանն ուղղված այդ քաղաքականությունը հանգեցրել է իրավիճակի էլ ավելի սրման, որը հղի է կործանարար հետևանքներով: Քանի դեռ մեղավորները պատաասխանատվություն չեն կրել, հաշտության հասնել չի հաջողվի», - նշվում է նամակում:
Կոնգրեսականներն առաջարկում են երեք քայլ, որոնք, նրանց համոզմամբ, թույլ կտան մոտ ապագայում ապահովել ռազմական գործողությունների դադարեցում և պահպանել կայունություն, իսկ երկարաժամկետ հեռանկարում` նպաստել համապարփակ և կայուն խաղաղության հաստատմանը տարածաշրջանում: Մասնավորապես, կողմերը պետք է ստորագրեն համաձայնագիր զորքերի շփման գծից դիպուկահարների հետ քաշման շուրջ, տեղակայեն տեխնիկա, որը կորոշի հրադադարի ռեժիմը խախտողին, ինչպես նաև ավելացնեն ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծի երկայնքով` հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողության բարելավման համար: Նամակում նշվում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պաշտպանել են այդ առաջարկությունները, ինչ չի կարելի ասել Ադրբեջանի մասին:
ANCA գործադիր տնօրեն Արամ Համփարյանը կոնգրեսականներ Ռոյսին և Էնգելին երախտագիտություն է հայտնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնության համար: «Մենք միանում են Հայաստանին և Արցախին այս երեք առաջարիությունների պաշտպանության հարցում», - եզրափակել է Համփարյանը: