Արմինֆո. Հայաստանում կխստացվի վերահսկողությունը անձի ֆունկցիոնալության աստիճանի վերաբերյալ փաստաթղթերի տրամադրման նկատմամբ։ ՀՀ Ազգային ժողովի մարտի 25-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում են "Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին" օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի խոսքով՝ փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ "Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին" օրենքում նախկինում ընդունված փոփոխությունների համաձայն, սահմանվել է կարգավորում, ըստ որի, անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Սակայն, բացի վերը նշվածից, որևէ այլ կարգավորում նախատեսված չէ, այդ թվում ՝ վերահսկողության իրականացման գործիքակազմի և ընթացակարգի վերաբերյալ: Փաթեթին համապատասխան, առաջարկվում է սահմանել մի շարք դրույթներ, որոնց ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել անձի ֆունկցիոնալության գնահատման, իրավասու մարմինների, կազմակերպությունների, հանձնաժողովների և ֆիզիկական անձանց կողմից ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման գործառույթների նկատմամբ պատշաճ վերահսկողություն: Մասնավորապես, տեսչական մարմնի կողմից գնահատումն իրականացվելու է նոր մեխանիզմների հիման վրա, որոնք իրենց արտացոլումը կգտնեն մարմնի տարեկան ծրագրում և կկիրառվեն ըստ անհրաժեշտության: Ստուգումներ իրականացնելու համար հիմք են հանդիսանալու տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումները, ֆիզիկական անձանց դիմումները, անձի ֆունկցիոնալության գնահատմամբ զբաղվող կազմակերպությունների տեղեկությունները, ինչպես նաև վարչապետի հանձնարարականները: Եթե տեսչական մարմինը պարզի, որ բուժաշխատողը ինչ-որ բանի դիմաց խախտելով հաշմանդամության աստիճանը կամ անհիմն կերպով քաղաքացուն ուղարկում է հաշմանդամության աստիճան ստանալու, ապա տեսչական մարմինը պետք է ստուգի և դիմի Առողջապահության նախարարություն: Նախարարությունը կրկնակի քննություն կիրականացնի, և եթե հիմքեր լինեն, հնարավոր է, որ այն կասեցնի բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը: Ուղղորդման տրամադրման կանխամտածված մերժումը նույնպես կարող է դիտվել որպես խախտում: