Արմինֆո. «Իսկ կներեք, ի՞նչ զիջումների մասին է խոսքը», - հարցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀՀ- ի հետ հարցազրույցում, պարզաբանելով, թե ինչու է համաձայնել Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի վերջին երկու կետերին, մասնավորապես, սահմանային հատվածներից երրորդ ուժերի դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններում հայցերից հրաժարվելուն։
«Նախ արձանագրենք հետևյալը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում՝ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ մեզ համար, չկա։ Երկրորդը՝ տպավորությունը, թե Հայաստանի սահմանի երկայնքում Ադրբեջանի կողմից երրորդ ուժեր չեն եղել, համենայնդեպս, մենք ժամանակ առ ժամանակ տեսել ենք և դիտարկել ենք երրորդ ուժի ներկայացուցիչներ, դրոշներ և այլն: Երրորդը՝ Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրել է մեր Կառավարությունը, ես եմ հրավիրել և ես շնորհակալ եմ նրանց մեր այդ հրավերին արձագանքելու համար:
Բայց մյուս կողմից պետք է մենք նպատակից գանք՝ ի՞նչ նպատակով ենք Եվրամիության դիտորդներին հրավիրել Հայաստան, տեղակայվելու և աշխատելու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով՝ որպես կայունության և ինչ-որ առումով խաղաղության միջոց և գործոն: Եվ հիմա ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթն ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։ Այսինքն՝ մինչև այդ կետը, համենայնդեպս՝ այս հարթության մեջ, որևէ խոչընդոտ չկա, որ Եվրամիության դիտորդներն աշխատեն։
Եթե մենք այդ համաձայնագրի ստորագրման արդյունքում ստանում ենք մեր սահմաններին խաղաղության և կայունության ավելի ուժեղ գործոն, ավելի հուսալի գործոն, շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք երկարաժամկետ ինստիտուցիոնալ խաղաղությունը չնախընտրեինք և նախընտրեինք միջանկյալ գործոնը, որը շատ կարևոր գործոն է։ Այսինքն՝ մեր նպատակն այն է, որ մեր սահմանի երկայնքով ունենանք խաղաղություն և կայունություն: Եվ երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք այլևս կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն, և այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ կամ ավելի պակաս նեղություն տալ», - պարզաբանել է վարչապետը։
«Դեռ որոշում չկա, բայց նաև ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիվանագիտական կամ երրորդ երկրների, կամ երրորդ կողմերի հետ մեր հարաբերությունները մեր ինքնիշխան հարաբերությունների հարցն է, և դրանք երկկողմ մակարդակում կքննարկվեն ու լուծումներ կստանա», - հավելել է նա։
Ինչ վերաբերում է միջազգային ատյաններից հայցերի հետ քաշման խնդրին, ապա, վարչաապետի հավաստմամբ, դա վերաբերում է միջպետական հայցերին: «Եվ հարցը հետևյալն է՝ այդ հայցերն ինչի՞ համար են: Այդ հայցերը, մեծ հաշվով, խաղաղություն և կայունություն հաստատելու համար են կամ խաղաղություն և կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու, լուծելու համար են։
«Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա։ Այսինքն՝ նկատի ունեմ, մենք երբեմն նպատակները և միջոցները խառնում ենք իրար: Այսինքն՝ շատ տարօրինակ կլիներ հրաժարվել նպատակից և նախընտրել միջոցը», - ասել է նա:
Փաշինյանը նաև հերքել է սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածված այն պնդումները, թե ինքը պատրաստ էր «միակողմանի ստորագրել» խաղաղության համաձայնագիրը։
«Իմ մտքով չէր անցել, որ կարելի է խաղաղության համաձայնագիրը միակողմանի ստորագրել: Ես չգիտեմ, նույնիսկ դիվանագիտության պատմության մեջ այդպիսի բան եղել է, թե չի եղել: Բայց պետք է ասեմ, որ մեր մտքով նման բան երբեք չէր անցել, որ կարելի է այդպիսի բան անել, և դեռ պետք է ստուգել՝ այդպիսի բան անել հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ», - հայտարարել է նա, ընդգծելով, որ խաղաղության համաձայնագիրը ենթադրում է երկու կողմի առկայություն: