


Արմինֆո. Մինչև մարտի վերջ հայտնի կլինի անձնագրերի եւ նույնականացման քարտերի պատրաստման համար հայտարարված միջազգային մրցույթում հաղթողի անունը։ Այդ մասին մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՝ ներկայացնելով 2024 թվականին գերատեսչության կատարած աշխատանքների հաշվետվությունը։
Նախարարը հիշեցրել է, որ ի սկզբանե մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք ընկերություններ (մեկ ֆրանսիական եւ երկու գերմանական), սակայն նախաորակավորման փուլից հետո մնացել են երկուսը: Այդ ընկերությունների առաջարկները կքննարկվեն առաջիկայում։ Մրցույթի հաղթողի հետ կկնքվի պայմանագիր:
Ավելի վաղ հաստատված ժամանակացույցի համաձայն, հաղթողը մինչև ընթացիկ տարվա վերջ պետք է ապահովի փաստաթղթերի տպագրման համար անհրաժեշտ ենթակառուցվածքը: Պայմանագրի գործողության ժամկետը 10 տարի է, ընդ որում, հաղթող ընկերությունն իրավունք կստանա տրամադրել անձնագրեր եւ նույնականացման քարտեր: Իսկ պետությունը կպահպանի քաղաքացիների անձնական տվյալներին բացառիկ հասանելիության իրավունքը։



