Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում», - ասվում է հաղորդագրությունում։
Հավելենք, որ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում հորդորում էր զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին:
«Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ընդ որում, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո», - ասվում է ՊՆ հայտարարությունում։