«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ», - հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` «Բի Բի Սի»-ի ադրբեջանական ծառայության հետ հարցազրույցում:
«Լարվածությունը զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին շատ մեծ է: Մենք մտահոգված ենք հրադադարի ռեժիմի խախտման և ծանր զենքի, այդ թվում` հրետանու, կիրառման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության առնչությամբ: Արկերի և ծանր զենքի կիրառումն անթույլատրելի է: Մենք հատկապես մտահոգված ենք խաղաղ բնակչության շրջանում կորուստների առնչությամբ և կողմերին կոչ ենք արել հնարավոր ամեն քայլ ձեռնարկել նման բռնությունը կանխելու համար: Հանուն իրավիճակի կայունացման մենք շարունակում ենք քննարկումը` կողմերի միջև վստահության և ավելի կառուցողական մթնոլորտի ստեղծման համար: Ես հավատում եմ, որ կողմերը պաշտպանում են բանակցությունների ճանապարհով հակամարտությունը լուծելու համանախագահների ցանկությունը: Մենք հանդիպում ենք տարածաշրջանի ղեկավարների հետ` համակողմանի համաձայնագրի մանրամասները քննարկելու նպատակով: Առաջիկա շաբաթ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ մենք, առաջին հերթին, կքննարկենք լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի լրջորեն պահպանման հարցերը», - նշել է Մինսկի միջնորդը:
Ուորլիքը հիշեցրել է 2014 թվականին Քարնեգի հիմնադրամում իր ելույթի մասին, որը զուգադիպել էր հրադադարի ռեժիմի հաստատման 20-րդ տարելիցին, ընդգծելով, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր ելույթում հնչած տարրերն ու սկզբունքները կողմերին հայտնի են:
«Հայաստանում և Ադրբեջանում պակասում է քաղաքական կամքը: Ես բազմիցս հայտարարել եմ, որ նախագահները պետք է հրաժարվեն ռազմատենչ հռետորաբանությունից և հասարակայնությանը նախապատրաստեն հաշտության: Համանախագահները կողմերի հետ միասին շարունակում են աշխատանքը համակողմանի համաձայնագրի մանրամասների վրա, սակայն այդ հարցը, առաջին հերթին, կախված է նախագահների քաղաքական կամքից», - կարծում է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը: Նա նաև կարծում է, որ հակամարտության կարգավորման հարցում պակաս կարևոր դեր չի խաղում ժողովրդական դիվանագիտությունը: Միջնորդի ասելով, ողջ աշխարհում հաշտության գործընթացներում քաղաքական բանակցությունները համալրվում են ներքևի ջանքերով:
«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը շատ մեծ է, համանախագահները փորձում են աջակցել երկու երկրների բնակիչների հանդիպումներին: Այդ իմաստով բացառություն չեն Լեռնայինն Ղարաբաղի թե հայկական, թե ադրբեջանական համայնքները: Ես բազմիցս հայտարարել եմ, որ կողմերը համանախագահների հետ միասին պետք է քննարկումներ վարեն հանուն պատերազմից տուժած մարդկանց շահերի: Այդ նախաձեռնությունների ամենավառ օրինակը ջրի խնդիրն է: Հուսով եմ, որ կողմերը կարող են բանակցությունների սեղանի շուրջ նստել` ջրային պաշարների բաշխման հարցը քննարկելու համար: Համանախագահները պատրաստ են օգնել նրանց այդ հարցում», - եզրափակել է Ուորլիքը: