Արմինֆո. "Ականատես" դիտորդական առաքելությունը հանդես է եկել Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների քարոզչական վահանակների վիճակահանության արդյունքները չեղյալ հայտարարելու կամ դրանց համամասնական բաշխումն ապահովելու կոչով:
Ինչպես ասվում է դիտորդական առաքելության հաղորդագրությունում, Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից օգտվելու հնարավորությունից։
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ Գյումրիում տեղակայված 5 քմ-ն գերազանցող 68 վահանակներից 7-ը քարոզչական նպատակներով օգտագործելու համար, սակայն վահանակներից ոչ մեկը կուսակցությանը բաժին չի հասել։ Ըստ ԿԸՀ պարզաբանման՝ կուսակցությունը ոչ բոլոր վահանակների համար է հայտ ներկայացրել, այլ միայն 7-ի, և երբ դրանք վիճակահանությամբ բաժին են հասել այլ ուժերի, կուսակցությունը չի մասնակցել այլ վահանակների բաշխմանը։ https://www.youtube.com/watch?v=5c1ccybYjZQ
ԿԸՀ կողմից գործարկվող՝ վահանակների բաշխման վիճակահանության ավտոմատացված համակարգը վահանակները բաշխել է հետևյալ համամասնությամբ՝
«Ապրելու երկիր» կուսակցություն - 11 վահանակ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն - 9 վահանակ
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք - 8 վահանակ
«Իմ հզոր համայնք» կուսակցություն - 6 վահանակ
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք - 11 վահանակ
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք - 12 վահանակ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 11 վահանակ
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն - 0 վահանակ
Հայաստանի կոմունիստական կուսակցություն - չի ցանկացել մասնակցել բաշխմանը
Կարևոր ենք համարում ընդգծել, որ վիճակահանության արդյունքները պետք է հավասար պայմաններ ապահովվեն մասնակից քաղաքական ուժերի համար, և ԿԸՀ պարտավորությունն է հետևել հավասարության պայմանի պահպանմանը։ Վիճակահանության համակարգի տեխնիկական թերությունները և/կամ իրավական թերկարգավորումները չպետք է սահմանափակեն մասնակից ուժերի՝ արդյունավետ նախընտրական քարոզչություն իրականացնելու և ընտրողների կարծիքի վրա ազդելու հնարավորությունը։
Տվյալ իրավիճակում պետք է չեղյալ համարել վիճակահանության արդյունքները կամ այլ եղանակով ապահովել վահանակների համաչափ բաշխումը, որպեսզի որևէ ուժ զրկված չլինի ընտրողների հետ հաղորդակցության՝ օրենքով սահմանված միջոցներից և ապահովվի արդարացի մրցակցություն», - ընդգծվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա մարտի 30-ին: Ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք: