Արմինֆո. Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը և Լեռնային Ղարաբաղի հարցերով միջազգային տեղեկատվական խումբը կոչ են անում ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը: Այդ մասին ասվում է բարեկամության խմբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ֆրանսիայի Սենատի կայքում։
Նշվում է, որ Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինը և Լեռնային Ղարաբաղի հարցերով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ Էթյեն Բլանկը ողջունում են Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնության հասնելու Հայաստանի հանձնառությունը: Նրանք կոչ են անում շուտափույթ ստորագրել այն՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության գործընթացի առաջ մղման նպատակով։
"Այդ համաձայնագրի ստորագրումը պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առաջին քայլը ։ Նպատակը հարաբերությունների կարգավորման հասնելն է՝ հարգելով երկու պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Մինչ այդ համաձայնագրի ստորագրումը Եվրամիության դիտորդական առաքելությունը, որի գործունեությունը երկարաձգվել է մինչև 2027 թվականը, ստիպված կլինի շարունակել իր աշխատանքը: Նրա դերն էական է, քանի որ այն թույլ է տվել զգալիորեն կրճատել առճակատման բարձր ռիսկ ունեցող տարածքներում դիտվող միջադեպերի թիվը:
Սույն Համաձայնագրի ստորագրումը պետք է հանգեցնի Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող բոլոր բանտարկյալների ազատ արձակմանը և Միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման արդյունավետ կատարմանը, որով ամրագրվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ և անարգել վերադարձի իրավունքը ՝ պահպանելով նրանց իրավունքները։
Այսօր խոսքը Հարավային Կովկասում խաղաղությունը բաց տարածաշրջանի պայմաններում փոխշահավետ համագործակցության հեռանկարներով դիտարկելու մասին է, որը կնպաստի տարածաշրջանի ժողովուրդների փոխանակմանն ու բարգավաճմանը", - ասված է հայտարարության մեջ: