


Արմինֆո. Ադրբեջանը պետք է ապահովի ձերբակալված հայերի արդար դատաքննության իրավունքը և պահման բնականոն պայմանները՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան: Այդ մասին "Արմենպրես"-ին հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Անիտա Հիպերը:
"Մեզ հայտնի է, որ Հայաստանի կառավարությունն ու մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ մտահոգություն են հայտնել մեղադրյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի առնչությամբ: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ մտահոգություններին և ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անաչառ հետաքննեն դաժան վերաբերմունքի մասին բոլոր հայտարարությունները և հաստատվելու դեպքում մեղավորներին պատասխանատվության ենթարկեն", - հայտարարել է Անիտա Հիպերը։
Նրա խոսքով՝ Բաքվի զինվորական դատարանում ընթացող դատավարությունները վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տեւական խաղաղության հաստատման շատ ավելի լայն հարցին: "Այդ պատճառով մենք շարունակում ենք Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ անել զարգացնել արդեն ձեռք բերված հաջողությունները եւ շարունակել շարժվել դեպի հարաբերությունների լիակատար կարգավորում", - ասել է եվրապաշտոնյան, հավելելով, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել այդ գործընթացին իր ողջ գործիքակազմով:



