Արմինֆո. Բաքվում նյարդային են արձագանքում Երեւանի ցանկացած առաջարկի եւ շարունակում են նոր պայմաններ առաջ քաշել հարաբերությունների կարգավորման համար։
Հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ադրբեջանական կողմի անհիմն մեղադրանքներից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմը կրկին հանդես է եկել միջադեպի հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկությամբ և նշել, որ Ադրբեջանը հրադադարի խախտման վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի այդ հայտարարությանը ոչ համարժեք է արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ "Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի վարչապետի գրասենյակի 2025 թվականի մարտի 18-ի հայտարարությունը, որը, Ադրբեջանի նկատմամբ միանգամայն անհիմն դժգոհությունների հետ մեկտեղ, խեղաթյուրում է տեղերում առկա իրողություններն ու սահմանամերձ շրջաններում գնդակոծության փաստերը", - նշել է նա:
Ընդ որում, նա հավաստիացրել է, որ հայկական կողմն առաջարկում է "բարդ եւ, գործնականում, անիրագործելի նախաձեռնություններ": Թեև թվում է, թե ինչն է անիրատեսական, եթե դու չես խախտում հրադադարը, ապա վախենալու բան էլ չկա, ստեղծիր հետաքննությունների մեխանիզմ և հանգիստ ապրիր։
Այնուհետև ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ "համաձայնեցված տեքստը ստորագրելու գլխավոր պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխություններ կատարելն է, ԵԱՀԿ Մինսկի խմբի և համապատասխան կառույցների լուծարումը":