Արմինֆո. Ազգային ժողովի "Հայաստան" խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) մահվան դեպքերի և ինքնավնասման ակտերի ավելացման կապակցությամբ:
«Տեղեկացա, որ ՔԿՀ-ներից մեկում տեղի է ունեցել հերթական ինքնասպանությունը։
Տարին նոր է սկսվել, բայց արդեն իսկ արձանագրվել է 6 մահվան դեպք, որից 4-ը՝ ինքնասպանություն։
Ունենք նաև ինքնավնասման դեպքերի զգալի աճ։ Ազատազրկված անձանցից շատերը ինքնավնասման են դիմում մեկից ավելի անգամ։
Դատապարտյալների ու կալանավորների շրջանում արձանագրվող մահերն ու ինքնավնասման դեպքերի վիճակագրությունը պետք է ընդունել որպես ահազանգ։
Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ, որ քրեակատարողական հիմնարկներում բարձիթողի վիճակ է. չկան տարրական պայմաններ, չեն ապահովում ազատազրկվածներին անհրաժեշտ դեղորայքով, բժշկական ծառայությամբ։
Չկան հոգեբաններ, բժիշկներ։ Նրանց ներկայությունը կարող էր փոխել այս պատկերը։
Բացի այս ամենից, դատական նիստերը անհիմն ձգձգվում են, գործերը քննվում են տարիներով։ Չի գործում նաև վաղաժամ ազատ արձակման ինստիտուտը։
Իմ արձանագրած խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները ներկայացրել եմ Արդարադատության ինչպես նախկին, այնպես էլ ներկա նախարարներին ու փոխնախարարներին։
Հրավիրել եմ նաև ՄԻՊ-ի ուշադրությունը, որը, ինձ սպառնալու փոխարեն պետք է ամեն ջանք գործադրեր այս իրավիճակը փոխելու համար։
Բարձրաձայնված հարցերին ականջալուր չլինելու հետևանքով է, որ շարունակվում են այս ողբերգական դեպքերը։ Մինչդեռ, խոսքը մարդկային կյանքերի մասին է։ Վստահ եմ, որ կամք դրսևորելու և աշխատանքներ տանելու դեպքում կարող ենք կանխել մահվան, ինքնասպանության և ինքնավնասման դեպքերը», - գրել է պատգամավորը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ ԱրմԻնֆո-ին չի հաջողվել զանգահարել Հայաստանի քննչական կոմիտե՝ ՔԿՀ-ում կալանավորներից մեկի ինքնասպանության վերաբերյալ տեղեկությունը հաստատելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար: