Արմինֆո. Քրիստինե Խանազադյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնից։
Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 17-ին: Նշվում է, որ Խանազադյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ադրբեջանի դեմ բոլոր միջպետական հայցերը հետ կանչելու հնարավորության մասին Փաշինյանի հայտարարությունների ֆոնին, սոցիալական ցանցերի հայկական հատվածում տեղեկություն էր հայտնվել, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության ողջ կազմը աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել: Մարտի 6-ին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հաստատել էր Կիրակոսյանի պաշտոնանկությունը: Միևնույն ժամանակ, կառավարությունում հավաստիացրել էին, որ գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատումների մասին ԶԼՄ-ների հաղորդումներն իրականությանը չեն համապատասխանում: