Արմինֆո. Արևմուտքից Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում, որը կհանգեցնի օդի ջերմաստիճանի նվազման և առատ տեղումների:
Ինչպես հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ այսօր երեկոյան ժամերից, մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ և կուղեկցվեն ամպրոպներով։
Մարտի 19-23-ին մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում։