


Արմինֆո. ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր փոխադրման մասին տեղեկատվությունը, որի մասին հրապարակում էր արել ռուսական RT գործակալությունը։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Պենտագոնում նշել են, որ չեն մեկնաբանում տվյալ տեղեկատվությունը։
«ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունում։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի տվել պաշտոնական արձագանք։
Ավելի վաղ, ռուսական RT լրատվական գործակալությունը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմակայանից զինտեխնիկա և տարբեր նշանակության սարքավորումներ փոխխադրել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝ հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար։
Ըստ հրապարակված տվյալների՝ տեխնիկայի փոխադրումը նախատեսված է հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը, իսկ վերադարձը Գերմանիա նախատեսվում է օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը։
Նշվում է, որ տեխնիկան Հայաստան է փոխադրվելու Վրաստանի տարածքով, քանի որ տրանսպորտային երթուղին չի կարող անցնել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով՝ դիվանագիտական թույլտվությունների բարդությունների պատճառով։



