Արմինֆո. "Ավրորա" մրցանակի դափնեկիր, բժիշկ, հումանիստ Թոմ Քաթինան միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում անարդարացիորեն պահվող մյուս հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու համար:
Ինչպես նշվում է Free Armenian Prisoners նախաձեռնությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, իր տեսաուղերձում Թոմ Քաթինան աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին, ով արդեն մեկ տարուց ավելի անարդարացիորեն պահվում է ադրբեջանական բանտում: Այդ առնչությամբ նա հիշեցրել է, Ռուբեն վարդանյանին ճանաչում է 2017 թվականից, երբ արժանացավ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին՝ Սուդանում աշխատելու համար։
«Լինելով նաև «Ավրորա» մարդասիրական մրցանակի նախաձեռնության նախագահ, այս տարիների ընթացքում ես հասցրել եմ բավականին լավ ճանաչել Ռուբենին։ Մենք բավական հաճախ ճանապարհորդել ենք միասին՝ որոշ նախագծերի իրականացման նպատակով։
Ես Ռուբենին գիտեմ որպես բացառիկ արդար, բացառիկ ազնիվ մարդու։ Եվ ցանկացած ոք, ով գիտի Ռուբենին, գիտի, որ այն բոլոր մեղադրանքները, որոնք առաջադրված են նրա նկատմամբ, բացարձակապես կեղծ են ու բացարձակապես ծիծաղելի։ Ռուբենն Արցախ էր մեկնել՝ օգնելու այնտեղի կառավարությանն ու բնակչությանը, անգամ շատ լավ գիտակցելով այնտեղ գնալու բոլոր ռիսկերը և, չնայած դրան, նա որոշեց գնալ: Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը, կոչ եմ անում բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ պահանջելու ինչպես Ռուբենի, այնպես էլ բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը, որոնք անարդարացիորեն պահվում են ադրբեջանական բանտում»։ Թոմ Քաթինան արժանացել է 1.1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակին, որով պարգեւատրվում են այն հերոսները, որոնք իրենց վտանգելով՝ անձնվիրաբար եւ խիզախորեն փրկում են մարդկանց կյանքը։ Քաթինան պատվավոր դոկտորի կոչումներ է ստացել Բրաունի համալսարանից (2016թ.) եւ Երեւանի պետական բժշկական համալսարանից (2017թ.), իսկ Թայմզ պարբերականի կողմից 2015թ. ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ 2018 թ. դեկտեմբերին Թոմ Քաթինան դարձել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին նախագահ՝ շարունակելով իր մարդասիրական գործունեությունը Սուդանի «Գթության Մայր» հիվանդանոցում։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդատվական խմբի նախագահ, բժիշկ Թոմ Քաթինան վիրաբույժ է, վետերան, կաթոլիկ միսիոներ եւ համաշխարհային ճանաչում ունեցող մարդասիրական գործիչ։ Իբրեւ «Ավրորայի» խորհրդատվական խմբի նախագահ, Թոմ Քաթինան գործ է ունենալու ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների, հումանիտար կազմակերպությունների, ընդհանուր պրակտիկայով զբաղվող բժիշկների եւ սովորական մարդկանց հետ՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը սփռելու համար։ Սուդանի՝ պատերազմներից կեղեքված Նուբա լեռներում ներկայումս գործող «Գթության մայր» հիվանդանոցի հիմնադիր Թոմ Քաթինան իր կյանքի վերջին տասնամյակը նվիրել է բուժօգնության մատուցմանը եւ մշտապես գործող միակ վիրաբույժն է Ավստրիայի չափեր ունեցող այս տարածաշրջանում», - ասվում է Free Armenian Prisoners նախաձեռնության հաղորդագրությունում։