Արմինֆո. Մեծ հոկեյը վերադառնում է Հայաստան: Այդ մասին հայտարարել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վադիմ Գուսկովը՝ Հայկական հոկեյի լիգային տված հարցազրույցում մեկնաբանելով հավաքականի հնարավորությունները Աշխարհի առաջնությանն ընդառաջ ապրիլի 13-19-ը Երեւանում կայանալիք չորրորդ դիվիզիոնում:
Գլխավոր մարզչի ասելով՝ ինքն առանձնահատուկ ակնկալիքներ չունի, քանի որ հիմա հիմնական աշխատանքը մրցակիցներին ուսումնասիրելն է, կազմերը վերլուծելը և նախապատրաստման կազմակերպչական հարցերը լուծելը։ «Այդ պատճառով, որքան քիչ մտածեմ դրա մասին, այնքան ավելի որակյալ կլինի աշխատանքը։ Փորձում եմ առաջնորդվել այս սկզբունքով։
Հավաքականի պատրաստվածությունը գնահատելն այս պահին գրեթե անհնար է, քանի որ կազմի կեսի հարցը դեռ բաց է իրավական պատճառներով։ Այդ պատճառով տղաներն այժմ ունեն անհատական պատրաստության ծրագիր։ Պլանավորում ենք անցկացնել ևս մեկ հավաքի շրջան, որից հետո միայն հնարավոր կլինի անել ավելի հստակ եզրակացություններ», - ընդգծել է Գուսկովը։
Նա հավելել է, որ առաջիկա մրցաշարի ֆաաաավորիտների թվում են Ուզբեկստանի և Քուվեյթի հավաքականները, որոնք շատ բարձր մակարդակի վրա են, եթե համեմատենք, կարող են մրցակցել բարձրագույն լիգայի թիմերի հետ: «Այստեղ շատ բարդ է լինելու։ Նրանք ակնհայտ առաջատարներ և ֆավորիտներ են՝ 100%։ Բայց, միևնույն ժամանակ, Ինդոնեզիայում նույնպես կան տղաներ, ովքեր ՎԽԼ-ում և ԿԽԼ-ում խաղալու փորձ ունեն։ Մալայզիան և Իրանը նույնպես ակտիվորեն պատրաստվում են։ Այսպիսով, ոչ մի խաղում հեշտ չի լինելու։ Յուրաքանչյուր հաղթանակ պետք է բառացիորեն «ատամներով կորզենք», - ասել է Գուսկովը։
Նա հավելել է, որ Հայաստանի հավաքականը հանդես կգա շատ երկար դադարից հետո, եւ առանց մեր երկրպագուների, առանց լեփ-լեցուն տրիբունաների՝ մեր շանսերը կտրուկ նվազում են։ «Այդ պատճառով մենք սպասում ենք բոլորին՝ ծանոթանալու հոկեյի հետ, նրանց, ովքեր դեռ չեն հասցրել դա անել, և բոլոր նրանց, ովքեր արդեն սիրում են այս խաղը։ Եկեք միասին աջակցենք մեր մարզիկներին և սրտանց երկրպագենք մեր սիրելի հայրենիքին», - ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 26-ին Հունաստանում կայացավ հոկեյի միջազգային ֆեդերացիայի համագումարը, որի ժամանակ որոշում կայացվեց չորրորդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունն անցկացնել Երևանում: Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: Առաջնությունը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 13-19-ը: