Արմինֆո. Երբ բացակայում է քաղաքական, կամ անգամ պարզ մտածողությունը, սկսում են շահագործել էմոցիաները, ինչպես եղավ 2018-ին՝ համապատասխան հետեւանքներով հանդերձ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով Գյումրիի ավագանու ընտրություններին առնչվող իրավիճակը:
"Մեր Սարիկը", "Ձեր Լեւոնը", "Մեր քաղաքը" .... Գյումրիի ընտրությունների նախընտրական կարգախոսներից կարելի է հասկանալ, որ թեկնածուներից շատերի հիմնական ուղղերձն այն է, որ իրենք լավ մարդ են, քաղաքը սիրում են, քաղաքն էլ պետք է իրենց սիրի ու ... ընտրի։
"Սերը", "լավ" ու "վատ" տղա լինելը քաղաքական կատեգերիա չէ, եւ իրենց մեջ զարգացում, խնդիրների լուծման ուղերձներ չեն պարունակում։
Երբ բացակայում է քաղաքական, կամ անգամ պարզ մտածողությունը, սկսում են շահագործել էմոցիաները, ինչպես եղավ 2018-ին, համապատասխան հետեւանքներով հանդերձ։
Գաղափարական, ինտելեկտուալ դեգրադացիան, մտքի անապատը շատ լավ արտահայտվում է Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցող, իրենց քաղաքը սիրող "լավ տղաների" կարգախոսներում», - ընդգծել է Ստեփան Դանիելյանը։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին նշանակված ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք: 2024 թվականի հոկտեմբերի վերջին ընդդիմադիր "Բալասանյան" դաշինքի ներկայացուցիչները, այդ թվում՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, վաղաժամկետ վայր դրեցին Գյումրու ավագանու անդամների լիազորությունները։ 2024 թվականի նոյեմբերի 8-ին ավագանին չէր կարողացել նոր քաղաքապետ ընտրել, քանի որ իշխող քաղաքական ուժին չէր հաջողվել քվորում ապահովել՝ առանց ընդդիմության աջակցության: Հայաստանի վարչապետը քաղաքապետի պաշտոնակատար էր նշանակել կառավարող ուժի թեկնածու Սարիկ Մինասյանին՝ նախնական ընտրության արդյունքում: