


Արմինֆո. Հայաստանի օդերեւութաբանները երկրի քաղաքացիներին նախազգուշացնում են ձնահյուսերի վտանգի մասին։
Ինչպես հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման։
«Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում ՝ 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված, հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։ Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից», - ասվում է հաղորդագրությունում։
Երևանում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։



