Արմինֆո. Առանց ուժերի հարաբերակցության փոփոխության, հարցը, ցավոք, մարդկայնորեն լուծել չի հաջողվի։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի նախկին արտգործնախարար, "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանում հայ գերիներին առնչվող իրավիճակը։
Ընդ որում, նա նշել է, որ յուրաքանչյուր ոք պետք է իր տեղում ինչ-որ բան անի Ադրբեջանից հայ գերիներին և պատանդներին վերադարձնելու համար: "Ինչ-որ մեկը պետք է ելույթ ունենա Ռուսաստանում, ԵՄ-ում, ԱՄՆ-ում, ինչ-որ մեկը պետք է վերլուծություններ անի ԶԼՄ-ներում, ինչ-որ մեկը պետք է դիվանագիտական խողովակներով, միջազգային քաղաքական գործիչների, կազմակերպությունների միջոցով ճնշում գործադրի։ Ամեն ինչ մեր ձեռքում է", - ասել է ԱԳ նախկին նախարարը։
Նրա խոսքով՝ մենք ինքներս ենք թույլ տվել, որ Ադրբեջանի նախագահը կայանա որպես բռնապետ։ Այդ ֆոնին նա վկայակոչել է Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը, որոնք դեռ մի քանի տարի առաջ պետք է քայլեր ձեռնարկեին, բայց, փոխարենը, ավելի են խորացրել իրավիճակը, հող ստեղծել այսօր Բաքվում գերիներ ու պատանդներ ունենալու համար: Այդ համատեքստում նախկին նախարարը Հայաստանի կառավարությանը անվանել է տեղի ունեցողի մեղսակից։ Նա հայտարարել է, որ առաջին հերթին պետք է փոխել նրանց, ովքեր նստած են Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքում: